Բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ. «Հիմնական խնդիրը հայերենի չիմացությունն է և համայնքի ուծացումը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լևոն Մոսդիչյանը, Սան-Պաոլոյի հայ համայնքի ներկայացուցիչներ Միքայել Ջանյանը և Էդուարդո Մեկբեկյանը խոսել են Բրազիլիայում հայկական համայնքի պատմության և խնդիրների մասին՝ տեղեկացնելով, որ այսօր Բրազիլիայում հայ համայնքի թիվը հասնում է 30.000-ի, և այնտեղ արդեն մեծանում է հայերի 4-րդ սերունդը:

«Առաջին հայը ոտք է դրել Բրազիլիա 1870-ական թթ.ին, իսկ ամենամեծ խումբը ժամանել է Բրազիլիա 1926թ-ին. նրանք Հայոց եղեռնից մազապուրծ եղած հայերն էին, ովքեր 1915թ.-ից հետո ապաստան էին գտել Սիրիայում, այնուհետև ժամանել են Բրազիլիա»,- նշել է Լևոն Մոսդիչյանը՝ հավելելով, որ Սան-Պաուլոյում այժմ գործում են հայկական եկեղեցի, համայնքային կառույցներ և տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև գործում է Դուրյան ազգային վարժարանը, որը ունի մոտ հարյուր սան:

Բանախոսը նաև ասել է, որ, ցավոք, այժմ բրազիլիահայ համայնքն այնքան էլ լավ չի տիրապետում հայերեն լեզվին. Հիմնականում խոսում են պորտուգալերեն, սակայն փորձում են անմասն չմնալ հայրենիքին աջակցելու գործընթացից. «Բրազիլիայի հայ համայնքն միշտ էլ մասնակցել է Հայաստանի շենացմանը: Առաջին անգամ բրազիլահայերը օգնել են Հայաստանին 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Լ.Մոսդիչյանի խոսքերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում բրազիլահայերը մասնակցել են ԼՂՀ-ում ճանապարհների շինարարությանը, Գիշիի եկեղեցու կառուցմանը և այլ ծրագրերի:

Բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ Էդուարդո Մեկբեկյանը և Արշակ Ջանյանը նույնպես շեշտել են, որ իրենց համայնքի հիմնական խնդիրը հայերենի չիմացությունն է և համայնքի ուծացումը. «Բրազիլահայերի շատ քիչ մասը գիտի հայերեն, իսկ Հայաստանում պորտուգալերեն իմացողներն են շատ քիչ»: 

Նրանք նաև նկատել են, որ Հայաստանից հեռարձակվող լրատվության մեջ նույնպես պորտուգալերենը չի օգտագործվում: Երկկողմ շփումն այնքան էլ արդյունավետ չի ստացվում նաև անգլերենով:

Մ.Ջանյանը նաև ընդգծել է, որ հայկական դպրոցներում լավ ուսուցիչների խնդիր կա, ինչը կապված է ֆինանսական դժվարությունների հետ: Ըստ նրա՝ ուսուցումը հայկական դպրոցներում իրականացվում է պորտուգալերեն լեզվով, հայերեն է միայն հայոց լեզվի դասընթացը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում