Կ.Մանոյան. «Միջազգային հանրությունը հասկանում է, որ ԼՂ խնդրի չլուծվելու հիմնական պատճառն Ադրբեջանի կեցվածքն է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և հնարավոր զարգացումներին:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մոտակա հեռանկարներից՝ բանախոսը նկատել է, որ որևէ առաջընթացի անկնկալիքներն իրատեսական չեն. «Այսօր բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, հասկանում է, որ խնդրի չլուծվելու հիմնական պատճառն Ադրբեջանի կեցվածքն է: Ստացվում է, որ նույն այդ միջազգային հանրությունն ազդակներ չունի՝ ներազդելու նրա վրա: Առնվազն ՄԱԿ-ի ԱԽ անդամ լինելու ընթացքում Ադրբեջանն աշխատելու է հարցը տեղափոխել այդ կառույցի ասպարեզ, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներս խնդրի կարգավորման իմաստով ակնկալիքներ չարժե ունենալ»:

Կ. Մանոյանի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նույնպես հանգել են այդ տեսակետին և դա է պատճառը, որ նրանք այժմ մեծ ջանքեր են գործադրում պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու համար: Բանախոսը, սակայն, նշել է, որ  պատերազմի սպառնալիքը լիովին բացառել չի կարելի:

«Ադրբեջանը վստահ չէ, որ կարող է հաղթել պատերազմում, նա իրականում պատրաստ չէ դրան, սակայն պատերազմի հավանականությունը չի կարելի բացառել: Միևնույն ժամանակ պատերազմի վերսկսման դեպքում նավթի օրհնանքը կվերածվի անեծքի, քանի որ նավթը խաղաղություն է սիրում: Սակայն խելահեղ զինումն ու սպառազինումը և այն հայտարարությունները, որ լսում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից, զինադադարի այն խախտումները, որ Ադբեջանը կատարում է, կարող են պատերազմի վերսկսելու առիթ դառնալ՝ անգամ անկախ Ադրբեջանի կամքից»,- ընդգծել է Կ.Մանոյանը:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելությանը՝ նշելով, որ այն վկայում է այս գոտում առկա մտահոգիչ իրավիճակի մասին՝ մասնավորապես կապված Իրանի հետ:

Ըստ Կ.Մանոյանի՝ հայկական կողմը պետք է օգտագործի այս առիթը՝ հայ-թուրքական և ԼՂ հակամարտության հարցերի շուրջ հստակեցումներ կատարելու համար. «ԱՄՆ-ից պետք է պահանջել լուրջ վերաբերվել հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների հաստատելու նպատակով»:

Մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը և հայ համայնքի խնդիրները՝ Կ.Մանոյանն ասել է, որ հայ համայնքն անվտանգության տեսանկյունից դեռևս լուրջ խնդիրների առաջ կանգնած չէ, սակայն իրավիճակը Սիրիայում շարունակում է մտահոգիչ մնալ:

«Առայժմ անվտանգության առումով համայնքը լուրջ խնդիրներ չունի և համայնքի անդամների արտահոսքն այլ երկրներ դեռևս այնքան էլ մեծ չէ»,- նշել է ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Սիրիայում ապրող հայերի վրա ազդում է նաև ստեղծված անկայուն տնտեսական իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում