Վլ.Պուտին. «Կատարյալ մոլորություն է այն տեսակետը, թե ՌԴ-ն հատուկ հետաքրքրություն ունի Սիրիայի հարցում»

ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա և Ֆրանսիա: Բեռլինում վերջինս հանդիպումներ է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Յոահիմ Գաուկի հետ, այնուհետև մեկնել է Փարիզ՝ հանդիպելու իր ֆրանսիացի նորընտիր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հերքել է այն տեսակետը, թե Ռուսաստանը հատուկ հետաքրքրություն ունի Սիրիայի հարցում՝ նշելով, որ դա կատարյալ մոլորություն է:

«Բաշար Ասադը ավելի հաճախ Փարիզում էր լինում, քան Մոսկվայում»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Վլ.Պուտինը նաև նկատել է, որ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանան իրավիճակի վերահսկողության տակ պահել, ինչպես նաև կանխել քաղաքացիների սպանդը:

«Ռուսաստանի խնդիրն այն է, որ հակամարտության կողմերը հաշտվեն: Մենք չենք ընտրում «յուրայինների» և «ոչ յուրայինների»: Մենք ցանկանում ենք հոգալ բոլորի մասին և ցանկանում ենք գործը հասցնել այնպիսի վիճակի, երբ հնարավոր կլինի գտնել խնդրի խաղաղ, քաղաքական լուծում»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, իր հերթին, հայտնել է, թե Սիրիայում իրավիճակը կարող է փոխվել միայն Ասադի հեռացումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում