Բացահայտ քննադատության գաղտնի պատճառները

Հայտնի փաստ է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմաքաղաքական ոլորտից զատ ընթանում է նաև տեղեկատվական-քարոզչական ոլորտում: Երկու կողմերի լրատվական դաշտ հեղեղված է միմյանց բացահայտող, հակառակորդի թերություններն ի հայտ բերող տեղեկություններով և վերլուծություններով: Ավելին, հաճախ տպավորություն է ստեղծվում, թե պատերազմող կողմերն ավելի հետաքրքրված են ոչ թե սեփական բարօրության, այլ թշնամուն դժվար կացության առջև կանգնեցնելու հարցում:

Երկու օր առաջ Ռուսաստանում գործող «Առաջին հայկական համացանցային հեռուստաընկերությունը» պատրաստել է հետաքրքիր ռեպորտաժ, որտեղ արծարծվում են ռուսական հարթակներում ընթացող հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին վերաբերվող մի շարք հարցեր: Առավել ամբողջական պատկեր ստանալու համար լրագրողները հարցազրույց են վերցրելREGNUM գործակալության նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովից, Քաղտեխնոլոգ Վլադիմիր Գորյունովից, Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան բաժնի ղեկավար Յանա Ամելինայից և Մեդիամաքս գործակալության խմբագիր Դավիդ Ալավերդյանից:Գրեթե բոլորը կարծիք են հայտնել,թե տեղեկատվական պատերազմում Հայաստանը պարտվում է Ադրբեջանին:Վլադիմիր Գորյունովի խոսքերի համաձայն ադրբեջանական կողմը բավական մեծ գումարներ է ծախսում քարոզչական արշավներ իրականացնելու համար: «Ադրբեջանը գնում է փորձագետների, ընդ որում ռուս փորձագետների, իսկ հաճախ էլ ինստիտուտների ամբողջ բաժիններ», – ասում է Գորյունովը և նշում, որ փոխարենը հայկական սփյուռքը մեծ գումարներ է ծախսում ժամանցային միջոցառումներ կազմակերպելու համար: Յանա Ամելինան էլ համոզված է, որ Ռուսաստանում հակահայկական քարոզչությունը կազմակերպում է ադրբեջանական պետական ապարատը,որին անհատ փորձագետները և լրագրողները չեն կարող դիմակայել:Անհրաժեշտ է պետական միջամտություն:

Իհարկե, Ռուսաստանի հայ համայնքն իսկապես արժանի է քննադատության: Նրանց մասնակցությունը մեր պետականության առջև ծառացած խնդիրների լուծմանը մինիմումի է հասցված: Բայց արդյո՞ք այստեղ կա Հայաստանի մեղավորությունը: Իրականումհասկանալի է,որ Ռուսաստանի հայկական սփյուռքը շատ բազմաշերտ ու տարբեր է և իրականում դժվար է նրանց մեկ գաղափարի շուրջ միավորելը:Իհարկե,Հայաստանի Հանրապետությունը բավական ջանքեր է ներդնում այդ դժվարությունները հաղթահարելու համար:Սակայն իրականում դա անլուծելի խնդիր է:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմում հայկական պետությունների մասնակցել-չմասնակցելու հարցին, ապա այստեղ ռեպորտաժի հեղինակների քննադատություններնավելի քան անարդար են:  Իրականությունն այն է, որ վերջին տարիների ընթացքում հայկական կողմին իսկապես հաջողվել է վճռորոշ փոփոխություններ մտցնել հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի ընթացքի մեջ: Այո մեր ֆինանսական միջոցներն ավելի սահմանափակ են, այո մենք չենք փորձում գնել փորձագետներ և լրատվամիջոցներ, բայց փոխարենը պատրաստվում ևհրապարակվում են հիմնավորված և հավասարակշռված նյութեր,որոնք արտացոլում են ոչ միայն իրականությունը, այլև հիանալիորեն ներկայացնում են հայկական կողմի շահերը միջազգային հարթակներում:

Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու՞ են Առաջին հայկական համացանցային հեռուստաընկերության» լրագրողները նման նյութ պատրաստել: Մի շարք հայ փորձագետներ վստահ են, որ նման ճանապարհով Ռուսաստանում գործող հայկական լրատվամիջոցը պարզապես ցանկացել է ֆինանսական աջակցություն ստանալ Հայաստանի պետական մարմիններից: Ցավոք, քիչ ավելի ուշ պարզ դարձավ, որ այս կարծիքն այդքան էլ հիմնազուրկ չէ:Facebook սոցիալական ցանցում ընթացող քննարկումներից մեկում ռեպորտաժի հեղինակ Նաիրա Բաղդասարյանը ակնարկել է նաև այդ ցանկության մասին: Այս պարագայում հարց է առաջանում, թե արդյո՞ք պետք են հայկական կողմին նման գործընկերներ: Վստահ եմ, որ ավելի արդար և բաց աշխատանքի դեպքում, Ռուսաստանում գործող հիշատակված լրատվամիջոցը կարող է շատ ավելի մեծ հաջողություններ և, ինչու՞ ոչ, նաև աջակցություն ակնկալել:



Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում