Հունիսի 8-ին Վիեննայում կընթանան Իրան-ՄԱԳԱՏԷ հերթական բանակցությունները

Հունիսի 8-ին Վիեննայում հերթական բանակցությունները կընթանան Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Թեհրանի միջև: Բանակցությունների նպատակն է համաձայնագիր ստորագրել՝ Իրանի միջուկային ծրագրին և ռազմական ոլորտում հետազոտությունների շուրջ վիճելի հարցերի կարգավորման նկատմամբ համակարգված մոտեցում ցուցաբերելու մասին: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ այսօր կայացած ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի ժամանակ:

«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հանդիպումը նշանակված է հունիսի 8-ին, Վիեննայում»,- տեղեկացրել է Յ.Ամանոն: Նա նաև կոչ է արել Իրանին ստորագրել և գործողության մեջ դնել վիճահարույց հարցերի կարգավորման նկատմամբ համակարգված մոտեցմանը վերաբերող համաձայնագիրը:

Յ.Ամանոն Իրանի իշխանություններին նաև խնդրել Է ապահովել միջազգային փորձագետների ազատ մուտքը Փարչինի ռազմական զինափորձարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում