Չեխիան պատրաստակամություն է հայտնել համագործակցել հասարակական տրանսպորտի ոլորտում

Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագահ Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, տեղեկացնում են Երևանի Քաղաքապետարանի մամլո ծառայությունից: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը, ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
«Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և ողջունում է այն բոլոր ներդրումային առաջարկությունները, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ձևավորված բարենպաստ բիզնես միջավայրը հնարավորություն կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է քաղաքապետը:
Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ` առանձնացնելով հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից  կքննարկվեն ներկայացվող առաջարկները, և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում