Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել
Նմանատիպ
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։
Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։
«Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։ Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։ Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է Բեգլարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում