Մամուլն այսօր. Հայաստանում առաջին անգամ ձևավորվող փոխվարչապետի ինստիտուտի և ԱԺ-ում գույքի պակասելու մասին

Հետընտրական զարգացումներ.

«Իրատես de facto»-ն գրել է. «Նախարարների կաբինետի ձևավորման շուրջ տենդը լրատվամիջոցներում կդադարի միայն հունիսի 9-ից հետո, երբ վարչապետը մի քանի օրվա մեջ կներկայացնի կառավարության նոր կազմը: Մինչ այդ, իշխանության կուլուարներում պաշտոնների շուրջ տարբեր անուններ են շրջանառվում: Սակայն ամենահետաքրքիրը, կարծում ենք, գործադիրում սպասվող կառուցվածքային փոփոխությունն է: Ըստ հավաստի աղբյուրի` առաջին անգամ Հայաստանում ձևավորվելու է փոխվարչապետի ինստիտուտ` որպես առանձին մարմին, և փոխվարչապետ է նշանակվելու տարածքային կառավարման ներկայիս նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նոր փոխվարչապետը կոորդինացնելու է կառավարությանն առընթեր բոլոր կոմիտեների և ծառայությունների աշխատանքը»:

Ըստ «Հրապարակ» թերթի՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին աշխատանքային առաջարկ է արվել: Թերթի տեղեկությունների համաձայն` Կրթության և գիտության նախարարությունից նրան առաջարկել են Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Նա առայժմ չի պատասխանել, բայց ուսումնասիրում է ինստիտուտի գործունեության դաշտը, և չի բացառվում, որ համաձայնի: Ինստիտուտի տնօրենը նախկին փոխնախարար, Երևանի կրթության վարչության նախկին պետ Նորիկ Ղուկասյանն է, ով ՀՅԴ անդամ է:

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը կայացած համագումարից հետո «Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ հստակ չհայտարարեց` Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու են եկող տարի կայանալիք նախագահական ընտրություններում, թե` ոչ:

Համագումարը ընտրել է «Ժառանգության» նոր վարչություն, որն էլ իր հերթին որոշել է, որ խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Ռուբիկ Հակոբյանը, իսկ քարտուղարը կլինի Զարուհի Փոստանջյանը: Պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը պետք է հստակեցվի սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանից առաջ: Թերթի տեղեկություններով, «Ժառանգությունում» քննարկվում է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու տարբերակը: Այդ դեպքում պատգամավոր կդառնա Թևան Պողոսյանը: Երեկվա դրությամբ, Հովհաննիսյանը ՀՀ ԿԸՀ-ից դեռևս չէր վերցրել պատգամավորի իր մանդատը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հժ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ եթե Հովհաննիսյանը որոշի հրաժարական տալ, ապա կապ չունի` իր մանդատը ԿԸՀ-ից վերցրած կլինի, թե` ոչ: «Հովհաննիսյանն այլևս պատգամավոր է և եթե որոշի հրաժարական տալ, ապա այն պետք է ներկայացնի խորհրդարանում, համապատասխան ընթացակարգով»,- ասել է Մուկուչյանը:

Ըստ «Չորրորդ Ինքնիշխանության»` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատման դիմում է պահանջել իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից:

Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո քարտուղարը: Թերթը ավելացնում է, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն հարմար մամլո խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ»:

Զարմանանզան.

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին նորընտիր պատգամավորները զբաղված են կահույք ձեռք բերելու գործով: «Պարզվում է` 4-րդ գումարման Ազգային ժողովից 5-րդ գումարման ԱԺ չանցած պատգամավորների աշխատասենյակների կահույքը, եթե իհարկե վերջիններս հետները օժիտ չեն տարել, ԱԺ-ում մեջմեջ են արել, և նոր պատգամավորները ստիպված են նոր կահույք գնել, որը հետո, հավանաբար, կթողնեն ԱԺ աշխատակազմին հիշատակ»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողներն օրերս տհաճ փաստ են բացահայտել. բավական չէ` այս օրերին փակ է լրագրողների համար նախատեսված համակարգչային սենյակը, այնտեղից անհետացել է սուրճի սարքը: Բանն այն է, որ անվճար սուրճի ու թեյի սարքը մեծ գումարներ էր խլում` ամսական մոտ 200 հազար դրամ: Այդ սարքը տեղադրվել էր Հովիկ Աբրահամյանի` առաջին անգամ ԱԺ նախագահության ժամանակ, ու դրանից օգտվում էին ոչ միայն լրագրողները, այլև ԱԺ աշխատակազմը: Մինչդեռ Աբրահամյանից հետո ԱԺ նախագահ դարձած Սամվել Նիկոյանը խնայողություն անելու նպատակով անհետացրել էր սուրճի սարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում