Սիրիան պատրաստվում է իր երկրից վտարել արևմուտքի դիվանագետներին

Սիրիայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրից վտարել արևմուտքի դիվանագետներին: Այս մասին հաղորդել է Tert.am-ը՝ հղում անելով սիրիական «Սուրիա» հեռուստաալիքին:

Նշվում է, որ մասնավորապես երկրից հեռանալու պահանջ է ներկայացված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպաններին, ինչպես նաև՝ Բելգիայի, Բուլղարիայի և Կանադայի արտաքին գործերի հավատարմատարներին:

Մայիսի վերջին արևմտյան մի շարք երկրներ, որոնք ներառված են «Սիրիայի բարեկամների խումբ» նախաձեռնության մեջ, հայտնել էին իրենց երկրից սիրիացի դիվանագետնրի վտարման մասին:

Սիրիական ճգնաժամի «դիվանագետների վտարումների» փուլը սկսվել էր մայիսի 25-26-ին Հուլա բնակավայրում 100-ից ավելի մարդկանց կոտորածին հաջորդած լարվածությունից հետո:

Նշենք, որ լարված իրավիճակը Սիրիայում շարունակվում է 2011թ.-ի մարտից: Ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, իսկ վերջինս շարունակ դիմադրում է: Ասսադի համոզմամբ՝ արևմտյան ուժերը նպաստում են Սիրիայում ստեղծված սարսափելի իրավիճակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում