Մի շարք հեռուստաընկերությունների հեռարձակումը կդադարեցվի

Մի շարք հեռուստաընկերությունների հեռարձակումը կդադարեցվի

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ   Գարիկ Հայրապետյանն մեկնաբանել է, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:

«Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշել է Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում