Հայաստանում կամավորությունը կհամարվի աշխատանք․ փոխնախարար
Նմանատիպ
Կամավորների հետ Հայաստանում կկնքվի պայմանագիր, և նրանց կատարած աշխատանքն աշխատանքային պատմության մեջ կամրագրվի որպես աշխատանքային փորձառության ձեռքբերում:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հավելելով, որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին։
«Նման օրենք ընդունելու փորձ արվել է դեռևս 2006-ին, 2010-ին, 2015-ին, 2017-ին, բայց վերջնարդյունքի չէինք հասել, չունեինք իրավական ակտ, որը կլուծի կամավորական շարժումների, կամավորական կառույցների խնդիրները: Յուրաքանչյուր անձ, որը գտնվում է աշխատավայր կոչվող պայմանական վայրում, պարտադիր պետք է ունենա պայմանագիր: Այս օրենքի հիմնական նպատակներից է օժանդակել ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն, սոցիալական պատասխանատվության դերի բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Փոխնախարարն, անդրադառնալով Հայաստանում կամավորների թվին, հիշեցրեց Covid-19-ի և 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյան ժամանակահատվածում կամավորական գործունեություն իրականացնող հասարակության ակտիվությունը: Մեկտեղ ընդգծեց՝ այս օրենքը չի տարածվում հայրենիքի պաշտպանության համար ստեղծված կամավորական կառույցների վրա:
«Իհարկե, կամավորը ոչ թե սեփական շահի կամ եկամուտ ստանալու նպատակով է անում, այլ՝ հանրային օգուտ ցուցաբերելու: Բայց նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն: Ընդհանուր առմամբ՝ օրենքում ամրագրված են 14 հիմնական ուղղություններ, որոնց նպատակն է աշխատաշուկա մտնելը հեշտացնելը, ոչ ֆորմալ կրթության, որոշակի կամավորական աշխատանքների հիման վրա փորձ ձեռք բերելը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական պաշտպանության պարագայում կամավորներ ներգրավելը, նրանց միջոցով մարդասիրական գաղափարների սկզբունքները տարածելը, պետական, համայնքային միջոցառումների կազմակերպմանը ներգրավվելը»,- նկատեց Ռուբեն Սարգսյանը:
Օրենքի նախագծով՝ կամավորներ ներգրավելու իրավունք կունենա պետությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, միություններ): Շահույթ հետապնդող կազմակերպություններից էլ կամավորներ կարող են ներգրավել այն կազմակերպությունները, որոնց 100 տոկոսանոց սեփականատերը պետությունն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում