Համո Սահյան․ Նավաստի պոետը

Համո Սահյան․ Նավաստի պոետը

«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը` Համո Սահյանը…».  Վահագն Դավթյան

Նա ծնվեց Սյունիքում, սովորեց Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, Հայրենական պատերազմում ծառայեց ռազմածովային նավատորմում և մահացավ Երևանում:

Նրա կենսագրության շատ էջեր պարզապես դուրս են մնում ուշադրությունից, որովհետև կենսագրական դետալները հետ են մղվում, երբ աչքիդ առաջ են գալիս նրա պոետիկ բնաշխարհի դետալները:

Լեռներդ գնում, մտնում են երկինք,

Ձորերդ գալիս, կիրճերն են մտնում:

Խավարն է խրտնում բարձրության ահից,

Խորության ահից աստղերն են քրտնում…

Սահյանը սովորել է նույ դպրոցում, ուր դասավանդել է Ակսել Բակունցը, թեև նրանք երբեք չեն հանդիպել: Բակունցի պատումներում բնության գերմարդկային նկարագրություններ ու համեմատական փոխաբերություններ կան: Դժվար է հավատալ, որ ծաղկի առէջների մեջ թաթախված բզեզը, անձրևի կաթիլից դողացող տերևը, սարերի վրայով լողացող ու ստվերը անտառի վրա գցած ամպը կարող է այդքան ոգեշնչել մարդուն ու այդ ոգեշնչումը հասցնել ընթերցողին: Չգիտես, դա Սյունիքի բնության անկրկնելիությունից է, թե գեղեցիկը ամեն դետալում տեսնող պոետական հոգուց, բայց փաստ է՝ այնպես, ինչպես Սահյանն ու Բակունցն են նկարագրել բնության մեջ առկա յուրաքանչյուր թրթիռ, ոչ ոք հավանաբար այդպես գրել չի կարող:

Ամպը կախվել է ամպից,

Ամպամած օր է.

Վերը երկինք է մթին,

Ներքևը՝ ձոր է:

Ինչոր տագնապ է ձորում,

Ինչոր սարսուռ է

Ուշաթափվել է առուն,

Եվ ուռին լուռ

Սահյանի մուսան հայրենիքն է ու հայրենի բնությունը, բայց ինչպես կարող է պոետը շրջանցել մարդկային ամենաազնիվ ու քնքուշ զգացումները, որոնցից մեկը սերն է: Սահյանի սիրո պոեզիան, սակայն, նույնպես բնության հետ է ձուլվում:

Առաջին սերս ձնծաղիկի պես

Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,

Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց

Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.

Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,

Առավ համբույը ոսկեղեն շողի

Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,

Ծանոթ էր արդեն արևի ուժին,

Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,

Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

Առաջին սերը, մանկության առաջին հիշողությունները…Սահյանի գրիչը աննկատ չի թողել ոչ մի մարդկային ապրում ու հուզում:

Երդիկն ի վար երկնքի խաղ,

Առավոտ,

Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,

Հացի հոտ

Ուրցի հոտ, հողի հոտ, խնկի հոտ, ամպի հոտ, բոբիկ ոտ…ամեն ինչի մանրամասն, այնքան մանրամասն, որ զգում ես նոր թխված հացի հոտը, լսում ես առվի ձայնը, ոտաբոբիկ կրունկներիդ տակ զգում ես քարին կպած մամուռը:

Մայրամուտ, Մասյաց գագաթին

Խարույկդ վառած մեռնեի,

Արևից, հողից, հողմերից

Կարոտս առած մեռնեի,

Իմ վերջին հառաչքի միջից

Գոհության ճիչը բողբոջեր,

Արտերս, արտերս վարած,

Պարտքերս մարած մեռնեի։

Երիտասարդ նավաստի Համո Սահյանը

Մահվան աչքերի մեջ նայած նավաստի Հմայակ Գրիգորյանը հայտնի դարձավ իր «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը ռազմաճակատում էր գրել, որտեղ նրա գրական անունը չգիտեին: Բանաստեղծությունը տպագրվում է թերթում, նավապետն էլ այն ցույց է տալիս զինվորին ու ասում՝ տես՝ իսկական հայը որն է, ինչ է գրել հայրենակիցդ…բայց նա այդպես էլ չի իմանում, որ այդ իսկական հայը հենց իր առջև կանգնած էր:

Նրա վերջին բանաստեղծությունները, սակայն տպագրվեցին մահից հետո: Մեր օրերում այդքան արծարծված «Ինձ բացակա չդնեք» վերտառությամբ:

Թվում է, թե կամենաք,

Մի օր երկինք կթռնեք

Ձեր թռիչքի ժամանակ

Ինձ բացակա չդնեք

«Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ… » Հրանտ Մաթևոսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում