Երևանում կկայանա «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովը
Նմանատիպ
Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. ադրբեջանական իշխանությունների ռասիստական, հայատյաց, ցեղասպանական գործողությունների հետևանքով փախած, բռնի տեղահանված, ռազմական հանցագործ գործողությունների պատճառով հայրենիքը լքած, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և այլուր ապրող փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ապրիլի 29-ին, Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, կազմակերպում են «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով:
«Համաժողովի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից երկրի հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների՝ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Շահումյանի շրջանի հայ բնակչության դեպորտացիայի, բռնի տեղահանման և էթնիկ զտումների գործնական քաղաքականության նկատմամբ միջազգային քաղաքական գնահատականի, դատա-իրավական գործողությունների բացակայության, ինչպես նաև փախստականների իրավունքների վերականգնման, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցերը:
Համաժողովում քննարկվելու և հասցեագրվելու են նաև Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից փախստականների իրավունքների, փախստականության պահի գույքային և այլ կորուստների, կորցրած փաստաթղթերի, այդ տարածքում իրականացված և իրականացվող մշակութային ցեղասպանության խնդիրները:
Հասարակական կազմակերպությունները, մտահոգված լինելով փախստականության տարբեր շերտերի բազմաբնույթ հարցերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում հայտնված փախստականներին և Արցախում ապրող բնակչությանն սպառնացող գոյաբանական վտանգներով, նպատակ են դրել համաժողովի միջոցով նպաստել խնդիրների բաց, հրապարակային քննարկմանը և մեկ ընդհանուր հարթակում տարբեր վայրերում բնակվող փախստականների հանդիպմանը, երկխոսությանը և համաձայնեցված առաջարկներ անելուն:
Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից բոլոր փախստականներին հրավիրում ենք մասնակցել համաժողովին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում