Ցեղասպանության որբերը և Հովհաննես Թումանյանը
Նմանատիպ
Հայոց ցեղասպանությունը ահռելի մասշտաբների ողբերգություն է, որը տեղի է ունեցել Օսմանյան Կայսրության տարածքում, սակայն դրա հետևանքներն մեծ չափերով տեսանելի են ամբողջ աշխարհում, նույնիսկ այսօր։ Հայկական սփյուռը մեծապես այդ ոճրագործության հետևանքն է։
1915թ-ից սկսած և հաջորդ տարիներին ցեղասպանության ճիրաններից մազապուրծ փրկված և տարբեր եզրերում ապաստան գտած հայերը հումանիտար աղետի մեջ էին․ հազարավոր հայ որբեր մահանում էին Էջմիածնում սովից և տիֆի համաճարակից։ Թուրքի յաթաղանից փախած որբերը զոհ էին դառնում սովին ու համաճարակին։
Հովհաննես Թումանյանը այն մեծանուն գործիչների թվում է, ովքեր իրենց կյանքն ու ամբողջ ապրուստը նվիրաբերել են հայ որբերին օգնելու և ապրելու երկրորդ շանս պարգևելու նվիրական գործին։
1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին արդեն Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ Էջմիածին է մեկնում, ուր հավաքված էին Եղեռնից մազապուրծ հայության զանգվածներ: Թումանյանն անմիջապես ձեռնամուխ է լինում հազարավոր որբերի ապաստարանի, խնամքի, սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվում են հանգանակություններ, բացվում է հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` նախատեսված մոտ 3.000 երեխայի համար:
Թումանյանը Էջմիածնի մատույցներից հավաքագրում և որբանոցներում է տեղավորում ծնողազուրկ բազմաթիվ երեխաների: Անձամբ կազմում է հիվանդ և առողջ երեխաների ցուցակները՝ առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվելով հիվանդ հայ որբերին:
Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Իր հուշերում Թումանյանը գրում է. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) – հայրի´կ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր… Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից էնտեղից գլուխ էին բարձրացնում – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»։
Միաժամանակ Թումանյանը որբերի համար մանկապատանեկան հայրենագիտական խաղեր է ստեղծում՝ ցանկանալով, որ խաղերի միջոցով երեխաները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը «ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:
Բանաստեղծն անձամբ էր զբաղվում այդ երեխաներին կերակրելու, լողացնելու, հագցնելու, եռացրած ջուրն ապահովելու, նրանց մազերը խուզելու հարցերով: Շատերը աղաչում էին իրենց մայրիկին գտնել և ասում էին. «Հալավս ալ կհանեմ ձեզ կուտամ, թողեք մայրիկիս երթամ»: Աղջիկներից շատերը բանաստեղծին թույլ չէին տալիս մազերը խուզել կամ նույնիսկ կտրել: Նրանք նույնպես պատրաստ էին թողնել որբանոցը, միայն թե չզրկվեին իրենց մազերից. «Ես կերթամ, հալավս ալ կթողնիմ, ծամերսի չեմ տար»:
Այսպես Հովհաննես Թումանյանը ստացավ «Որբերի Ամենայն Հայոց Հայրիկի» թեև ողբերգական, բայց պատվավոր դերը։
Էջմիածնում Թումանյանի գործունեությունը նրա կյանքի հերթական սխրանքն էր, որը հայրենասիրության, մարդասիրության ու ազգասիրության բարձրագույն դրսևորում է: Այն պատիվ կբերեր ոչ միայն յուրաքանչյուր ազգի, այլև ողջ մարդկությանը. պոետի սխրանքը ապացույց է «խելագար անձնվիրումով» հանուն մարդկության ու մարդկայնության նահատակության գնացող խոշոր անհատների գոյության:
Էջմիածինը թողնելուց հետո էլ Թումանյանը չդադարեցրեց որբախնամ գործունեությունը, որբեր որդեգրեց. նրանցից մեկն էր Վ. Նորենցը, Ալեքսանդրապոլի և այլ որբանոցների տասնյակ որբերի ապաստան տվեց իր տանը, նրանցից մեկն էր Կարեն Սերոբի Դեմիրճյանի մայրը՝ Եղեռնից մազապուրծ, հոր խոշտանգումն ու յաթաղանի վրա ինքնասպան եղած մորը տեսած, փոքրիկ քրոջ կորստից վշտացած Լուսնթագը:
Շատ որբեր խանդով էին վերաբերվում բոլոր այն երեխաներին, ովքեր վայելում էին Թումանյանի ընտանեկան ջերմությունը կամ կրթություն էին ստանում և ապրում բանաստեղծի հայթայթած միջոցներով: Իրենց նամակներով հեղեղում էին Էջմիածնում բազմաթիվ մանուկների մահ տեսած, նրանց թաղման խնդիրներով զբաղված Թումանյանին՝ ասելով. «Մեր հույսը ամեն կողմից կտրած՝ Ձեզ ենք դիմում ու խնդրում, որ մեր խնդիրքը չմերժեք և ապրելու հնարավորություն տաք… դիմում ենք ձեզ, որ դուք լինեք մեր բարերարը»:
Բանաստեղծը միայն իրեն չէր զոհում, այլև իր զավակներին, ինչպես Մովսեսը: Նա վտանգեց նախ դստեր՝ Նվարդի կյանքը՝ նրան իբրև գթության քույր պահելով ամեն օր տասնյակ կյանքեր խլող մահաբեր համաճարակի պայմաններում, ապա տասնյակ որբերի համաճարակի տարածման վտանգի պայմաններում պահեց իր տանը, իր բոլոր, այդ թվում անչափահաս զավակների հետ նույն բնակարանում՝ վտանգելով նաև նրանց կյանքն ու առողջությունը:
Թումանյանը 100 նորածին և մանկահասակ երեխա է փրկել միայն իր դստեր օգնությամբ՝ տիֆի համաճարակի էպիկենտրոն դարձած Էջմիածնից տեղափոխելով Երևան, որովհետև այդ օրերին Էջմիածնից արգելվում էր երեխա տեղափոխելը:
Թումանյանը վտանգեց իր կյանքը և 46-ամյա հասակում դարձավ ալեհեր մի ծերունի: Իր որբախնամ գործունեությամբ Թումանյանը ողջ աշխարհում կանգնում է մեծագույն հումանիստների կողքին, ով իր ժողովրդի պատմության ամենաողբերգական փուլում, երբ չկար հույս և առաջ շարժվելու որևէ կողմնացույց, դարձավ որբացած հազարավոր մանուկների համար հույսի փարոս և կյանքի ուղենիշ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում