Հրետանավոր Նաբուլիոն․ հակիրճ՝ մեծ նվաճողի մասին
Նմանատիպ
Վախենալ կատուներից և բաց դռներից, խուսափել հասարակական ակտիվ շփումներից, հայտնիությունը ստուգել փողոցներում՝ թաքնված աղքատիկ ու խեղճ հագուստների տակ։ Գրել սիրային վեպ, իրեն համարել գիտնական ու նվաճումների ընթացքում զբաղվել նաև մշակութային հետազոտություններով։ Արտասովոր վախերով և զինվորականի համար ոչ սովորական նախասիրություններով Նաբուլիոն համաշխարհային պատմության մեծ նվաճողներից մեկն է, ով 1796 թվականի մարտի 2-ին նշանակվեց իտալական բանակի հրամանատար։ Նաբուլիո անունն առաջին հայացքից ոչինչ չի ասում։ Իսկ Իտալիա երկրի անվանումը գուցե շեղեց հիմնական հետքից։
Քաղաքակիրթ աշխարհում դժվար է գտնել որևէ մեկին, ով գոնե մեկ անգամ լսած չլինի նրա մասին։ Խոսքը Նապոլեոն Բոնապարտի մասին է։
Երիտասարդության տարիներին Նապոլեոնին կոչում էին հենց այդպես՝ Նաբուլիո։ Նա 16 տարեկանում արդեն ֆրանսիական բանակի սպա էր՝ հրետանու լեյտենանտ, իսկ 8 տարի անց վաստակեց բրիգադային գեներալի դասային աստիճան։ Այս կետից էլ սկսվում է ոչինչ չասող Նաբուլիոյի, բայց պատմության մեջ մեծ հետք թողած Նապոլեոն Բոնապարտի պատմության սկիզբը։
Բրիգադային գեներալի դասային կոչումը Նապոլեոնը վաստակեց 1793 թվականին՝ ֆրանսիական հեղափոխական պատերազմի ամենավառ էջերից մեկի՝ Տուլոն ամրոցի գրավումից հետո։ Մինչ ֆրանսիական զորքերը կհասնեին Տուլոն, որևէ միտք անգամ չկար, որ Նապոլեոնը կղեկավարեր նրա գրավումը։ Սկզբում նա նույնիսկ այնտեղ չէր։
Ֆրանսիական զորքերը մինչ կպաշարեին Տուլոնի ամրոցը, ճանապարհին ծանր վիրավորվում է զորքերի հրետանու հրամանատարը․ ճակատագրի հեգնաքով վերջինիս փոխարինող է ուղարկվում կապիտան Նապոլեոն Բոնապարտը։ Տուլոն ամրոցի ներսում այդ ժամանակ կար անգլիական 19 հազարանոց և շուրջ 6 հազարի հասնող այլ զորքեր։ Մի քանի անհաջող գործողություններից հետո Բոնապարտը կարճ ժամանակում միավորում է զորքերը, իսկ 1793 թվականի դեկտեմբերի 18-ին գրավում է Տուլոն ամրոցը։ Ընդամենը 5 տարի անց Նապոլեոնը Ֆրանսիայում իրականացրեց պետական հեղաշրջում և իրեն հռչակեց առաջին կոնսուլ։ Եվս 5 տարի անց՝ 1804 թվականին, Նապոլեոնը հռչակվեց կայսր․ սկսվեց Նապոլեոնական պատերազմների ժամանակաշրջանը։
1805-1809 թվականների ընթացքում կայսր Նապոլեոնն իրականացրեց ավստրիական, պրուսական ու լեհական արշավանքները՝ Ֆրանսիան դարձնելով մայրցամաքի գլխավոր տերություն։ Նապոլեոնական նվաճումները հանգեցրին հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը, որն էլ քիչ-քիչ դարձավ Նապոլեոնական կայսրության անկման սկիզբը։ Ռուսաստանի դեմ 1812 թվականին մղած պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրեց նրա բանակի թուլացմանը, իսկ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնական զորքերը չդիմադրեցին հակաֆրանսիական կոալիցիայի միասնական բանակին։ Արդյունքում՝ Նապոլեոնը գահընկեց է արվեց 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվեց Էլբա կղզի։ Բայց 1 տարի անց նա կրկին վերադարձավ ֆրանսիական գահին։ Կառավարումը տևեց 100 օր․ 1815 թվականի հունիսի 8-ին Նապոլեոնի զորքերը Վաթեռլոյի ճակատամարտում ծանր պարտություն կրեցին անգլա-հոլանդա-պրուսական կոալիցիոն զորքերից․ արդյունքում՝ Նապոլեոնը երկրորդ անգամ թողեց գահը՝ այս անգամ՝ 1815 թվականի հունիսի 22-ին։ Անգլիացիները նրան աքսորեցին Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա մահացավ 6 տարի անց՝ 1821 թվականի մայիսի 5-ին, 51 տարեկանում։ Նապոլեոնի աճյունը 1840 թվականից գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը։
Մխիթար Աստվածատրյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում