Երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգության գործով
Նմանատիպ
Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է լրագրող և գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցը և մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:
Քերոլը Թրամփին մեղադրել է 1996 թվականին սեռական ոտնձգությունների դիմելու և զրպարտության համար:
Դատավորները վճռել են, որ «Թրամփը դիպել է Քերոլին՝ առանց նրա համաձայնության»։ Թրամփն, ըստ դատարանի, նաև զրպարտել է Քերոլին, երբ փորձել է հերքել նրա հայտարարություններն այդ գործով:
Միաժամանակ, երդվյալ ատենակալները չեն հաստատել բռնաբարության մեղադրանքը:
Դատարանը պահանջել է Թրամփից 5 միլիոն դոլար հատուցում վճարել Քերոլին՝ 2 միլիոն՝ սեռական ոտնձգությունների, և 3 միլիոն՝ զրպարտության համար:
Էլիզաբեթ Քերոլը պնդում է, որ Դոնալդ Թրամփի կողմից 1996 թվականին Նյու Յորքի խանութներից մեկի հանդերձասրահում բռնաբարության է ենթարկվել:
Թրամփը պնդում է, որ երբեք չի հանդիպել Քերոլին: Նա «քաղաքական հետապնդում» և «խայտառակություն» է անվանել իրեն ներկայացված մեղադրանքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում