Վրաստանը չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը
Նմանատիպ
Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց օրակարգում չկա: Նման հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Այդ մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 10-ից հանվել է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը և չեղարկվել է տուրօպերատորներին ու տուրիստական գործակալներին Վրաստան տուրիստական փաթեթներ վաճառելուց զերծ մնալու հանձնարարականը։ Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։
«Երկաթուղային հաղորդակցության հարց օրակարգում չկա: Մեր որոշումներն ընդունվում են՝ ելնելով այն սկզբունքից, թե դա ինչպես է համապատասխանում մեր ազգային շահերին: Այսօր այդ հարցն օրակարգում չկա»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա 1990-ականների սկզբից ի վեր, երբ Վրաստանը կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների (Հարավային Օսիա) նկատմամբ։
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, դրանք խզվել են վրացական կողմից 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում