Մայիսի 22-ին նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը
Նմանատիպ
Մայիսի 22-ին նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը։
Մեր երկիրը, չնայած իր տարածքի փոքրությանը, ունի մեծ կենսաբազմազանություն, որը պայմանավորված է բնակլիմայական գոտիների բազմազանությամբ։ Հայաստանում կան չոր-մերձարևադարձային գոտիներից մինչև հավերժական սառույցով ծածկված բարձրադիր լեռնային շրջաններ։
Համենայնդեպս, մարդու գործունեությունը, անտառների հատումը և գյուղատնտեսական նպատակներով բնական լանդշաֆտի օգտագործման բազմամյա գործընթացը պատճառ են դարձել, որ Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ հայտնվեն ոչնչացման վտանգի տակ։
Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Դրանից զատ՝ մի քանի պահպանվող տարածքների կառավարման համար պատասխանատու են հետևյալ ՊՈԱԿ-ները․
– 3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», որոնք զբաղեցնում են 35 439.6 հա տարածք կամ ՀՀ ընդհանուր տարածքի 1.19 տոկոսը
– 4 ազգային պարկ՝ «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք», որոնք զբաղեցնում են 236802.1 հա տարածք կամ ՀՀ ընդհանուր տարածքի 7.96 տոկոսը։
Հայաստանի Կարմիր գրքերում այս պահին ընդգրկված են 308 տեսակի կենդանիներ, որոնցից 155-ը անողնաշարավորներ են, 29-ը՝ կաթնասուններ (նրանց թվում՝ անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), 96 տեսակի թռչուն, 19 տեսակի սողուն, 2 երկկենցաղ և ձկների 2 տեսակ։
Այս բոլոր կենդանատեսակների պահպանության համար օրենսդրությամբ նախատեսված են համալիր միջոցառումներ, իսկ որսագողության համար քրեական օրենսգրքով նախատեսված են պատիժներ։
Գործադրվող ջանքերն, անշուշտ, օգնում են պաշտպանել այս տեսակները վերջնական վերացումից, սակայն որսագողությունն ու մարդկանց անտարբեր վերաբերմունքը շարունակում է վտանգի ենթարկել Հայաստանում կենսաբազմազանության ապագան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում