Մահ իմացեալ… Ավարայրը պատմության չսերտված դաս

Մահ իմացեալ… Ավարայրը պատմության չսերտված դաս

Հայերի ապստամբությունը  ճնշելու, դավանափոխելու և ներքին ինքնավարությունը ոչնչացնելու նպատակով 80–90 հազար զինվորով, 13 մարտական փղով ու Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ պարսկական զորքը հարձակվեց հայերի վրա: 451-ի մայիսի 26-ն էր:

Հայկական կողմը 66 հազար զինվորով էր ներկայացել մարտին՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Հայկական կողմի հրամանատարական կազմում էին Խորեն Խորխոռունին, Թաթուլ Վանանդեցին, Ներշապուհ Արծրունին, Արշավիր Կամսարականն ու Համազասպ Մամիկոնյանը:

Մարտավայրը Տղմուտի գետի ափին էր՝ Ավարայրի դաշտում: Ճակատամարտը սկսվեց նետաձգությամբ ու նիզականետությամբ, այնուհետև գետի մի ափից մյուսն ընթացող մարտը մի ափում համախմբեց կողմերին: Արդեն թշնամուն առավել մոտ հայկական զորքը հաջողություններ էր գրանցում որոշ կողմերում:

Ավարայրի ճակատամարտում հայկական և պարսկական զորքերի դասավորությունը

Բայց ռազմական գործում ստաբիլություն չկա, և մարտերում պարբերաբար զորակազմի վերադասավորումներ են լինում, որոնք ցանկացած պահի կարող են բեկել մարտի ընթացքն ու արդյունքը:

Որոշ ուղղություններով թշնամու զորքի մեջ մխրճված ու թիկունք հասած հայկական զորքի համար հաղթանակի հնարավորությունը կասկածի տակ է ընկնում, երբ հակառակորդի պահեստազորային «Մատյան գունդը» և նահանջող աջ թևը վերադասավորվում են ու շրջապատում իրենց թիկունք թափանցած հայկական զորագնդին: Ճակատամարտն ավարտվում է հայկական կողմի պարտությամբ: Զոհվում է սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Ընդհանուր հաշվարկով՝ մարտադաշտում է մնում 1036 հայ և 3544 պարսիկ զինվորականի մարմին:

Հայկական կողմի համար սա պայքար էր հավատքի, ինքնավարության ու ազգային գոյապահպանման: Ավարայրում եղածն ինչո՞ւ ենք համարում բարոյական հաղթանակ, եթե արդյունքում պարտվել ենք ու նահանջել… շատ պարզ պատճառով:

Սասանյան Պարսկաստանում արքունական ու ռազմական վերնախավը, տեսնելով ու տպավորվելով հայոց կամքից ու անձնուրաց նվիրումից, զորքը հետ է կանչում Հայաստանից ու հրաժարվում հայերին հավատափոխ անելու ու ազգային արժեքներին դիպչելու մտքից: Ստացվում է, որ անկախ ֆիզիկական հաղթանակից, ճակատամարտն իր նպատակին չի հասնում հաղթած կողմի համար:

Գրիգոր Խանջյան․ «Վարդանանք» 1983թ․

Բայց այս ճակատամարտին նախորդած ու հաջորդած պատմությունն ու վկայություններն իսկական ճակատագրի հեգնանք են մեզ՝ հայերիս համար:

«451 թվականի Ավարայրի ճակատամարտում հայերի հաղթանակն անհնարին չէր լինի, եթե դաշնակիցներ ունենար: Հայ գործիչների կրոնակցական հանգամանքն այնքան հիմնավոր նախապաշարմունք էր գոյացրել, որ նրանք շարունակ հավատում էին, թե կրոնակից Արևմուտքը երբեք չի թողնի, որ ահավոր Պարսկաստանը իր ոտների տակ ճզմի թույլ Հայաստանը: Այս նախապաշարմունքը մեծամեծ աղետներ է պատճառել հայ ազգին, և այժմ էլ, Վարդանի օրով, կրկնվում էր նույն սխալը»:

Պատմիչ Լեոյի աշխատությունից այս հատվածը հայոց պատմության որ ժամանակափուլում էլ կարդաս, այժմեական է: Ստացվում է՝ մեր պատմության մեջ փոխվում են անունները, նոր հերոսներ ու նվիրյալներ են հայտնվում, բայց պատմության ընթացքը, արդյունքը չի փոխվում, որովհետև հետևություններ չենք անում, պատմությունից սերտում ենք միայն թվեր, անուններ, տեղանուններ, բայց դասեր չենք քաղում, իսկ պատմությունը կրկնվում է:

Այս պատմության մեջ ևս փնտրվեցին մեղավորներ, դավաճաններ կարգվեցին, բայց ո՞վ գիտի…

Այս ճակատամարտից մեր լեզվամտածողության մեջ դաջվեց «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն» ասույթը, դպրոցական ծրագրում էլ բարեխիղճ մանկավարժները պատմում են Ավարայրի հերոսների, Վարդան Մամիկոնյանի, Վարդանանաց ժամանակների վավերագրի՝ պատմիչ Եղիշեի մասին, և այդքանով ավարտվում է դասը, և հայոց պատմության մեջ նոր ավարայրեր են լինում՝ նույն ելքով, որովհետև դասից դասեր չենք քաղում, որովհետև որքան էլ ոգևորող լինի Վարդան Մամիկոնյանի կոչն իր զինվորներին, միևնույնն է, մեզ ռեալ հաղթանակներ են պետք՝ բարոյականից անդին, շոշափելի, արդյունավետ, ամրագրված, «անբարոյական»:

«…Արդ, աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվովավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը Սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»․ Վարդան Մամիկոնյան:

Նյութի հեղինակ՝ Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում