«Բորուսսիան» ջախջախեց «Ռոտ Վայս Էսսենին», Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Նմանատիպ
2014-15թթ. մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Դորտմունդի «Բորուսսիան» այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի ռեգիոնալ լիգայի արևմտյան գոտում հադես եկող «Ռոտ Վայս Էսսեն» թիմի հետ:
Յուրգեն Կլոպի սաները 5:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեցին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպման հենց սկզբից դորտմունդցիներն ակտիվ գրոհում էին. 8-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը, իսկ 2 րոպե անց երկրորդ գոլն ուղարկեց մրցակցի դարպասը: 21-րդ րոպեին Նևեն Սուբոտիչը հաշիվը դարձրեց 3:0: Նախքան ընդմիջման գնալը «Բորուսսիան» ևս 2 գոլ խփեց. 25-րդ րոպեին աչքի ընկավ Մխիթարյանը, իսկ 5 րոպե անց հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո «Ռոտ Վայս Էսսենի» դարպասը 5-րդ գնդակն ուղարկեց նորեկ Չիրո Իմմոբիլեն:
«Ռոտ Վայս Էսսենի» ֆուտբոլիստներին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել. 39-րդ րոպեին Սակուն խփեց իր թիմի միակ գնդակը: Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին: Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջման ժամանակ:
Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում սա «Բորուսսիայի» 4-րդ ընկերական խաղն է, որոնցում Մխիթարյանը խփեց 5 գոլ. «Հեսեն Կասելի» դեմ հանդիպմանը Հենրիխն աչքի էր ընկել մեկ անգամ, «Հայդենհայմի» հետ մրցավեճում դարձել էր դուբլի հեղինակ, իսկ «Օսնաբրյուկի» դեմ խաղում նրա գոլը դորտմունդցիներին փրկել էր պարտությունից (1:1):
Ընկերական խաղ
«Ռոտ Վայս Էսսեն» – «Բորուսսիա»՝ 1:5
Սակու 39′ – Օբամեյանգ 8′, 10′, Սուբոտիչ 21′, Մխիթարյան 25′, Իմմոբիլե 30′
Հետևեք մեզ նաև Telegram-ում