Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամառային ճամբար կկազմակերպվի
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։
Ինչպես հաղորդում են ՀԵՀ մամլո ծառայությունից, Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է այս ծրագիրը։ Այսպիսով մեր զորակցությունն ենք հայտնում սահմանամերձ գյուղերի բնակչությանը։ Նրանք պետք է վստահ լինեն, որ քաղաքաբնակ երիտասարդներն իրենց կողքին են և մտահոգ իրենց խնդիրներով»,- ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
ՀԵՀ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաև այլ գյուղերի և այլ տարիքային խմբերի պատանիներ։ Նման ծրագիր կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ գյուղերի երեխաների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում