Զլատան Իբրահիմովիչն ավարտեց կարիերան. Պաշտոնական
Նմանատիպ
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.
«Դժվարանում եմ շնչել, սակայն ամեն ինչ նորմալ է։ Որքա՜ն հիշողություններ կան այս մարզադաշտի հետ կապված («Սան սիրո», խմբ.)։ Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ այնուհետև` երջանկություն։
Շնորհակալ եմ ընտանիքիս` համբերատարության համար։ Շնորհակալ եմ երկրորդ ընտանիքիս՝ խաղընկերներին, մարզիչներին, անձնակազմին, ղեկավարներին։
Վերջապես, ի խորոց սրտի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` երկրպագուներիդ։ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է եկել, սակայն, միանշանակ, ոչ ձեզ»,- նշել է 41-ամյա Զլատանը Ա սերիայի 38-րդ տուրի «Միլան» – «Վերոնա» (3:1) հանդիպումից հետո տեղի ունեցած հրաժեշտի արարողության ժամանակ։
Զլատան Իբրահիմովիչը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մալմյոյի» (1999-01 թթ., 47 հանդիպում, 18 գոլ), «Այաքսի» (2001-04 թթ., 110 հանդիպում, 48 գոլ, 17 գոլային փոխանցում), «Յուվենտուսի» (2004-06 թթ., 92 հանդիպում, 26 գոլ, 20 գոլային փոխանցում), «Ինտերի» (2006-09 թթ., 117 հանդիպում, 66 գոլ, 30 գոլային փոխանցում), «Բարսելոնայի» (2009-10 թթ., 46 հանդիպում, 22 գոլ, 13 գոլային փոխանցում), «Միլանի» (2010-12 և 2020-23 թթ., 163 հանդիպում, 93 գոլ, 35 գոլային փոխանցում), ՊՍԺ-ի (2012-16 թթ., 180 հանդիպում, 156 գոլ, 61 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-18 թթ., 53 հանդիպում, 29 գոլ և 10 գոլային փոխանցում) և «Լոս-Անջելես Գալաքսիի» (2018-20 թթ., 58 հանդիպում, 53 գոլ, 15 գոլային փոխանցում) կազմում։
Զլատանը նաև 62 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրած 122 խաղում։
Ավելացնենք, որ Իբրահիմովիչը կարիերայի ընթացքում 31 տիտղոս է նվաճել, այդ թվում` 5 անգամ դառնալով իտալական Ա սերիայի չեմպիոն։
Զլատան Իբրահիմովիչը 21-րդ դարում 3-րդ լավագույն ռմբարկուն է` Կրիշտիանո Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից հետո։ Իր խելահեղ կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը հեղինակել է 573 գոլ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում