ՕԵԿ-ի երիտասարդ ներկայացուցիչներից մեկը վերջապես պատգամավորական մանդատ կստանա

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել են Կառավարությունում այդ կուսակցության ներկայացուցիչների անունները:

Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, քաղաքական խորհուրդը քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ԱԺ պատգամավոր, ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի, իսկ գյուղնախարարի պաշտոնում’ Սերգո Կարապետյանի թեկնածությունը։

Նշենք, որ ըստ մեր հավաստի աղբյուրների, ՕԵԿ առաջնորդը քաղաքաշինության նախարարի պաշտոնում ցանկանում էր տեսնել կուսակցության համամասնական ցուցակի 12–րդ հորիզոնականում հանգրվանած Հովհաննես Մարգարյանին, սական նախագահ Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է եղել «կաթի փոշու» սիրահարի՝ Կառավարությունում հայտնվելու հեռանկարին:

Ինչ վերաբերվում է Ա. Բաղդասարյանին, ապա նա առաջարկել էր Մարգարյանի թեկնածությունը բացառապես այն պատճառով, որպեսզի Նելսոն Զուլոյանն ու Դավիթ Կարապետյանը, որոնց նա ընկալում է իբրև «արտաքին ազդեցության գործոններ», հանկարծ չհայտնվեն Խորհրդարանում: ՕԵԿ առաջնորդն ամեն ինչ արել է, որպեսզի նշված երկու գործիչներն ինքնաբացարկ ներկայացնեն (անգամ առաջարկել է փոխնախարարի պաշտոններ), սակայն վերջիններս հրաժարվել Ա. Բաղդասարյանի առաջարկից: Արդյունքում, ՕԵԿ քաղխորհրդի այսօրվա նիստից պարզ դարձավ, որ Նելսոն Զուլոյանը Խորհրդարանում կփոխարինի նախարարական պաշտոն ստացած Սամվել Թադևոսյանին: Ինչ վերաբերվում է Դավիթ Կարապետյանին, ապա նա շարունակում է մնալ հերթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում