Պատմության այս օրը. թուրքերը գրավեցին Երևանը
Նմանատիպ
1724 թվականի հունիսի 7: Թուրքերը մտան Երևան: Այդ ժամանակ Երևանում ընդամենը շուրջ 10 հազար մարդ էր ապրում: Երևանի ինքնապաշտպանությունը տևեց 2 ամիս: Իրականում սա աննախադեպ հերոսական դրվագ է: Պատկերացրեք՝ մոտ 10 հազար բանկչից քանիսը կլինեն տարեցներ, կանայք ու երեխաներ, հետևաբար պատկերացրեք՝ բնակչությունից քանի հոգի կմասնակցեր քաղաքի պաշտպանությանը, որը ոչ ավել, ոչ պակաս տևեց 2 ամիս, իսկ թշնամին այդ ընթացքում շուրջ 20 հազար զոհ ունեցավ:
Տարածաշրջանում գերիշխանության կռիվներ էին տալիս թուրքերն ու պարսիկները: Օսմանյան կայսրության բանակը Երևանում տապալվում է, բայց հաջողում է Սյունիքում ու Արցախում: Թուրքերի հաջողությունը երկար չի տևում. մի քանի տարի անց պարսիկները՝ Պարսից շահ Նադիրի գլխավորությամբ նրանց դուրս են մղում հայկական այս հողերից:
Շուտով Պարսկաստանում իսկական քաոս է ստեղծվում. գահի համար ներքին կռիվներ են սկսվում: Իրանական աֆղան կամ պուշթուն էթնիկ խմբի զորավար Մահմուդ Դիջլին գրավում է գործող մայրաքաղաք Սպահանը, իսկ գահաժառանգը փախչում է: Սեֆյան Պարսկաստանում տիրող անիշխանությունից օգտվելով՝ օսմանների Ահմեդ 3-րդ սուլթանը հարձակվում է պարսկական տերության հյուսիսային հատվածը հանդիսացող Հայաստանի ու Վրաստանի վրա:
Այդ շրջանում էլ Քարթլիի թագավորության արքա Վախթանգ 6-րդը հայերին ու վրացիների պատրաստում է ազատագրական պայքարի թուրքական ու պարսկական լծի դեմ:
Այդ շրջանում խառն էր գրեթե ամբողջ աշխարհը: Ռուսաստանը Բալթիկ ծով դուրս գալու համար պատերազմում էր Շվեդիայի դեմ: Պատմության մեջ որպես «Հյուսիսային պատերազմ» հայտնի այս մարտերն ավարտվում են Ռուսաստանի հաղթանակով, ինչից հետո ցար Պետրոս Մեծը մտնում է Կովկաս: Այս շրջանում էլ սկսվում է ցարի «Կասպիական արշավանքը», քանի որ Պետրոս Մեծը ցանկանում էր գրավել Կասպից ծովի արևմտյան երկրամասերը: Պատմության այս դրվագում ցարական զորքերին հայ-վրացական հատվածից օգնում են Քարթլիի թագավորությունը, Սյունիքի իշխանությունը, Խամսայի մելիքությունները և Հայ Առաքելական եկեղեցին՝ Քարթլիի արքա Վախթանգ 6-րդի, զորավար, Սյունիքի ազատագրական պայքարի հրամանատար Դավիթ Բեկը և հոգևորական, պատմագիր Եսայի Հասան-Ջալալյանը:
Մեկտեղելով ուժերը՝ նրանք սպասում էին հրամանի, բայց հանկարծ պարզվում է՝ ցարը արշավանքները հետաձգում է: Այսպիսով, վրացական ուժերը վերադարձան Թիֆլիս, հայկականը՝ Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելուն:
Այս իրադարձություններից անդին՝ խառնակ ժամանակներ էին: Նվաճողներով շրջապատված Հայաստանը խելահեղ հայրենասերների պակաս չուներ, բայց թվաքանակով անհամեմատ զիջում էինք թշնամական կողմին: Տևական ժամանակ տարբեր նվաճողների լծի տակ անցնելու արդյունքում հայերը սեփական հայրենիքում մնացել էին փոքրամասնություն, դիմադրություն կազմակերպելն այլևս անհնար էր դարձել:
Երևանի ինքնապաշտպանական մարտերում ոտքի տակ էր ամբողջ քաղաքը: Երևանը մի քանի ճակատով էր պաշտպանվում: Հերոսական այս դրվագը, սակայն, ավարտվում է հայկական կողմի պարտությամբ, որովհետև թշնամին անհաշվելի շատ էր քանակով, իսկ Երևանը կռվել էր մինչև վերջին զինվորը…
«Թվին ՌՃՀԳ (1724) ումն, ունիսի է (7) ումն, օսմանցին առավ քաղաքն, նստավ: Մնաց բերդն». Աբրահամ Երևանցի
Աբրահամ Երևանցու կյանքի մասին քիչ բան է հայտնի, բայց նրա վկայություններով շատ բան կարելի է իմանալ Երևանի այդ շրջանի պատմության մասին: Երևանի գրավումից հետո թուրքերը սկսեցին հայերի կոտորածը: Մնացել էր միայն Երևանի բերդը:
«Թվին ՌՃՀԳ (1724) ումն, օգոստոսի ի (20) մին, եղավ վերջ, հանդարտեցավ օսմանցին, միչ ի նուեմբերն». Աբրահամ Երևանցի
Թուրքական աղբյուրները Երևանի ինքնապաշտպանության հերոսական մարտերի մասին լռում են, բայց հաճույքով նշում են Երևանի բերդի գրավումը: Թշնամական աղբյուրներն այս դրվագը ներկայացնում են այնպես, իբրև հայկական կողմը հանձնել է բերդն առանց կռվի ու հեռացել: Իրականում Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու շնորհիվ ապահովվել է կայազորի անվտանգ հեռացումը, ինչը հիմք է դարձել հետագայում Երևանը կրկին վերադարձնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում