ՀՀ ԱԳՆ-ն ահազանգում է Արցախում ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգի մասին
Նմանատիպ
Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվել արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը` Արցախի պաշտպանության բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ այս գործելաոճն Ադրբեջանի համար արդեն ավանդական է դարձել` ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին։
Միաժամանակ, ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից:
«Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը»,– շեշտվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ ՀՀ–ն վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, որ այս օղակը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում