ԱՄՀ-ն 50.7 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի իր չորրորդ ամփոփիչ ստուգումը:

ԱՄՀ երևանյան գրասենյակի փոխանցմամբ՝ որոշումն իշխանություններին հնարավորություն է տալիս ներգրավել լրացուցիչ 33.5 միլիոն ՓՀԻ (շուրջ 50.7 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 178.3 միլիոն ՓՀԻ-ի (269.8 միլիոն ԱՄՆ դոլար): Հայաստանին ուղղվող 266.8 միլիոն ՀՓԻ (403.8 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով EFF և ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատել է 2010 թվականի հունիսի 28-ին: Չորրորդ ամփոփիչ ստուգման վերաբերյալ Խորհրդի որոշումը կայացվել է առանց քննարկման անցկացման:

Գործադիր խորհուրդը որոշումներ է կայացնում ըստ քննարկում չնախատեսող իր ընթացակարգի, երբ Խորհուրդի համաձայնությամբ առաջարկությունը կարող է դիտարկվել առանց պաշտոնական քննարկումներ հրավիրելու:

Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում համաձայնեցված քաղաքականությանը հավատարիմ լինելը կարևոր դեր է կատարել Հայաստանում հաստատուն աճի վերականգնմանն օգնելու հարցում: 2012 թ. և միջնաժամկետ հեռանկարը դրական է, սակայն ռիսկերից զերծ չէ, որոնք մասնավորապես ի հայտ են գալիս Եվրոպայում և Ռուսաստանի միջոցով ազդում Հայաստանի վրա: 2011 թ. աճը հասավ 4.6 տոկոսի, սակայն սպասվում է, որ 2012 թ. այն կչափավորվի 4 տոկոսից փոքր-ինչ ցածր մակարդակում: Նախընթաց տարում գնաճը զգալի նվազել է և պետք է պահպանվի կենտրոնական բանկի նպատակադրած 4 տոկոսի շուրջը: Վարկային ներդրումների բարձր աճը շարունակվում է: Խորհուրդը դիտարկում է նաև Հայաստանի ֆինանսական հատվածի կայունության գնահատմումը (FSSA), որն իրականացվել է ԱՄՀ և Համաշխարհային բանկի ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի շրջանակում:

2011 թ. բյուջեի պակասուրդը զգալիորեն ցածր էր ծրագրային թիրախներից՝ արտացոլելով ծախսերի զսպումը: Հավանական է, որ 2012 թ. պակասուրդը լինի չափավոր բարձր, բայց և այնպես ծրագրին համահունչ, ընդ որում սպասվում են ավելի բարձր եկամուտներ, որոնք հնարավորություն կտան ավելացնել գերակա ծախսերը: Արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը էականորեն նվազել է, ինչին օժանդակել է հարկաբյուջետային ճշգրտումը, սակայն պահպանվում է բարձր մակարդակում: Իշխանությունները նախատեսում են իրականացնել գործարար միջավայրի, հարկային և կենսաթոշակային բարեփոխումներին ուղղված հետագա միջոցառումներ: Փոխարժեքի ճկունության բարելավման հետ մեկտեղ նշված գործողությունները պետք է բարելավեն արտադրողականությունն ու օժանդակեն աճին և արտահանման դիվերսիֆիկացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում