Հայ նկարիչների աշխատանքները ցուցադրվեցին Վիեննայում
Նմանատիպ
Հունիսի 19-ին Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում տեղի ունեցավ նախարարության «Artists in Residence» ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրեց իր «ուրբանիստական» նկարչական նախագիծը’ Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու’ Երևանի, Թբիլիսիի, ուկրաինական և գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր և արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես եկավ Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:
Ցուցահանդեսի բացմանն իր մասնակցությունը բերեց Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:
Նույն օրը Վիեննայի 18-րդ թաղամասում գտնվող «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջև մշակութային կապերի ընդլայնման և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում