Ս.Սարգսյանը հանձնարարել է հանրային քննարկումներ սկսել հեռուստաեթերի մաքրման պահանջով բաց նամակի առնչությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ: Tert.am-ի խնդրանքով՝ այս մասին հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների և հասարակական գործիչների ուղղած բաց նամակին:

«Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձևավորելու և այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մտավորականների մասնակցությամբ»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մի շարք հայտնի մտավորականներ, երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ բաց նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրենց մտահոգությունը հայտնելով հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող ագրեսիվ, քրեական և քրեածին, հակասոցիալական սերիալների և այսպես կոչված «հումորային» ծրագրերի կապակցությամբ, որոնք բացասաբար են ազդում հասարակության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում