Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին
Նմանատիպ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Այդ մասին Times.am-ին տեղեկացրել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա երեք տարիների համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
Աղձք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ.-ին ներառվել է 14 հուշարձան: Այդ թվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանը (այս մասին հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում), 6-7-րդ դարի եկեղեցի, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում