Քարվաճառում գործում է պարի երկու տարիքային խումբ
Նմանատիպ
Շահումյանի շրջանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոն ՊՈԱԿ-ի պարուսույց Կարինե Սողոմոնյանը Քարվաճառում է բնակվում 2010 թվականից: Քարվաճառ տեղափոխվելուց բնակարան չի ստացել ու ժամանակավորապես բնակվում է քրոջ տանը:
Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում աշխատանքի է անցել կենտրոնի ստեղծման օրվանից, 2011 թ. հունվարի մեկից:
«Ավարտել եմ Չարենցավանի Արվեստի դպրոցի խորեոգրաֆիայի բաժինը: Ուսանելուս տարիներին եւ դրանից հետո էլ պարել եմ տարբեր խմբերում, մասնակցել եմ տարբեր մրցույթների», պատմում է Կարինե Սողոմոնյանը:
Պարուսույցը Քարվաճառում աշխատում է երկու տարիքային խմբերի հետ: Միջին եւ բարձր դասարանցիներից կազմված խումբ է հաճախում 7 սան, իսկ ցածր դասարանցիներից կազմված խմբում կա 13 երեխա:
«Փոքրերի խմբի հետ, որը գործում է 2011-ի հոկտեմբերից, աշխատում եմ հասարակական հիմունքներով: Ծնողների խնդրանքով եմ պարապում: Ու նաեւ փոքրերի խմբից մեծերի խմբում համալրումներ եմ կատարում, քանի որ բարձր դասարանների աշակերտներն ավարտում են դպրոցը, դուրս են գալիս խմբից: Նաեւ ինքս ցանկանում եմ, որ երեխաները գեղեցիկի հետ ավելի շատ շփվեն», ասում է պարուսույցը: Երկու խմբերի պարապունքներն էլ անցկացվում են նույն ծրագրով, որեւէ տարբերություն չկա, պարզապես փոքր տարիքի երեխաները շաբաթվա մեջ պարապում են երկու օր, իսկ մեծերը`երեք օր:
Պարուսույցը երեխաներին սովորեցնում է տարբեր ոճերի պարեր:
«Ինքս նախընտրում եմ դասական պարը, եւ երեխաներին անպայման սովորեցնում եմ դասական շարժումներ, դա նաեւ ուղղում է նրանց կեցվածքը: Սովորում ենք նաեւ ժողովրդական, ազգային, ժամանակակից պարեր: Այժմ փոքրերի հետ rock and roll ոճով նոր պար ենք բեմադրում», ընդգծեց մեր զրուցակիցը:
Կարինե Սողոմոնյանը երեխաներին սովորեցնում է նաեւ աերոբիկայի եւ յոգայի շարժումներ:
Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի պարի խումբը մասնակցում է Քարվաճառում կազմակերպվող տոնական ու հիշատակի բոլոր միջոցառումներին:
«Կարեւոր է նշել, որ երեխաները, բացի պարերը, սովորում են նաեւ երգել, ասմունքել: Նրանք արդեն մշակույթի կենտրոնի սաներն են, եւ միջոցառումներին մասնակցում են ոչ միայն պարերով», ընդգծեց Կարինե Սողոմոնյանը: Բացի գործնական պարապունքները, պարուսույցը երեխաներին պատմում է նաեւ երգահանների, երաժշտության մասին: «Պարը բեմադրելիս անպայման բացատրում եմ շարժումների իմաստը, որ իրենք հասկանան, թե ինչ են ներկայացնում», նշեց մեր զրուցակիցն ու տեղեկացրեց, որ այժմ երկու խմբերի հետ էլ նոր պարեր են բեմադրվում:
Պարապունքները հիմա անց են կացվում Քարվաճառի դպրոցի շենքում: «Քաղաքապետ Ռոլանդ Այդինյանի շնորհիվ սենյակում ունենք պարապունքի համար անհրաժեշտ բոլոր հարմարանքները», ընդգծեց Կարինե Սողոմոնյանը:
Խոսելով շրջանի մշակութային ոլորտի խնդիրներից, մեր զրուցակիցն առանձնացրեց մշակույթի կենտրոնում սարքավորումների պակասն ու բեմի լուսավորության խնդիրը:
«Մեր տարազները մաշված են, փոքր տարիքային խմբի երեխաները տարազներ առհասարակ չունեն, ստիպված սեւ-սպիտակ գույնի հագուստ են հագնում», նշեց պարուսույցն ու հավելեց, որ ինքը ցանկանում է նաեւ, որ երեխաները շատ պարային կատարոմներ դիտեն:
«Կցանկանայի նրանց տանել կենդանի կատարումներ դիտելու, բայց քանի որ դրա հնարավորությունը չկա, խորհուրդ եմ տալիս իրենց համացանցի միջոցով պարային կատարումներ դիտել ու այդպիսով ավելի շատ շփվել արվեստի հետ», ամփոփեց մեր զրուցակիցը:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում