Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կարևորում է կրոնական ունեցվածքի սեփականության իրավունքի վերականգնումը

Թուրքիայի էթնիկ եւ կրոնական համայնքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև կրոնական նշանակության ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումը շատ կարեւոր առաջնահերթություն կլինի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից, այս մասին դեսպանը հայտարարել է՝ ի պատասխան սենատոր Մարկ Քիրքի հարցի:

Սենատոր Քիրքի հարցրերը վերաբերել են Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից հայկական, հունական ու ասորական եկեղեցիների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությանը: Բասը, հետեւելով Սպիտակ տան կողմից ստացված ցուցումներին, խուսափել է Հայոց ցեղասպանության ուղղակի հիշատակումից՝ նշելով, որ այդ ողբերգությունը անվանելու պետքարտուղարության կողմից օգտագործվող տերմինաբանությունը Նախագահի կողմից ընդունված սահմանում է: Այսպես, պետքարտուղարության քաղաքականության շրջանակներում ճանաչելով Օսմանական կայսրուրյան վերջին օրերին 1.5 մլն հայերի սպանության եւ աքսորման փաստը, ամերիկացի դիվանագետը բացահայտ կերպով շրջանցել է սպանությունների համար պատասխանատվության շուրջ սենատոր Քիրքի հարցը:

Ընդ որում, ընդունելով, որ թուրքական կառավարությունը 1936-2011թթ. ընթացքում բռնագրավել է քրիստոնեական եւ հրեական կրոնական համայնքներին պատկանող ունեցվածքը, Բասը թվարկել մի քանի որոշակի քայլեր, որոնք նա պատրաստ է ձեռնարկել դրանց վերադարձի ապահովմանն օժանդակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում