Պան Գի Մունը «պատմական» Է որակել ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված գագաթնաժողովը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու Յորքում ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխման խնդիրներին նվիրված գագաթնաժողովի փակմանը հայտարարել Է, որ ողջ պատմության ընթացքում դեռ երբեք աշխարհի այսքան շատ ղեկավարներ խոստումներ չեն տվել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու հարցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ գագաթնաժողովը պատմական էր եւ ցույց տվեց կլիմայական մարտահրավերներին հակազդելու համաշխարհային հանրակցության պատրաստակամությունը:

Աշխարհի ղեկավարներից շատերը կոչ են արել հասնել այն բանին, որ ջերմոցային գազերի արտանետումը բարձրակետին հասնի 2020 թվականին, ինչից հետո ածխաթթվի արտանետումները սկսեն կրճատվել:

Պան Գի Մունը հորդորել է երկրների ղեկավարներին՝ մինչեւ 2015 թվականի վերջը համաձայնագիր կնքել արտանետումների նվազեցման վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարը հույս Է հայտնել, որ ապագա սերունդներն այս գագաթնաժողովը կհիշեն որպես շրջադարձային կետ մոլորակի Էկոլոգիզացման ճանապարհին:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով գագաթնաժողովում, կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում: «Մենք առաջին սերունդն ենք, որը զգացել է կլիմայի փոփոխման հետեւանքները, եւ վերջին սերունդը, որը կարող է ինչ-որ կերպ հակազդել դրան»,- հայտարարել է Օբաման:

Նրա խոսքով՝ բոլոր երկրները, ներառյալ զարգացող պետությունները, պետք է ավանդ ներդնեն ջերմոցային գազի արտանետումների կրճատման գործում: Օբաման հատկապես նշել է Չինաստանի դերը, որը աշխարհի առաջատարն է արտանետումների ցուցանիշով, հայտարարելով, որ ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ը համատեղ պատասխանատվություն են կրում արդյունաբերական արտադրության էկոլոգիական հետեւանքների դեմ պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում