«Ես չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը». Ն.Փաշինյանն անօրինական է համարում իր նշանակումը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ, Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին՝ առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է:

Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:

Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում