Քեմերոնը պաշտպանել է բրիտանական բանակի մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կոչ է արել միջազգային կոալիցիային՝ ընդգրկուն ռազմավարություն մշակել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար, որը կներառի աշխատանքն արաբական երկրների հետ եւ Մեծ Բրիտանիայի կողմից ռազմական ուժի կիրառումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը:

«Մեր ռազմավարությունը պետք է ներառի համատեղ աշխատանքն արաբական երկրների հետ, այն մշտապես պետք է ուղղված լինի տեղական բնակչությանն աջակցելուն, իրականացվի մեր իրավական պարտավորությունների շրջանակներում եւ որպես այն ծրագրի բաղադրիչ, որը ներառում է մեր օգնությունը, մեր դիվանագիտական ջանքերը եւ, այո, մեր ռազմական ուժերը»,- հայտարարել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Ավելի վաղ նշվել է, որ բրիտանական խորհրդարանը վարչապետի խնդրանքով սեպտեմբերի 26-ին գումարելու է նիստ՝ քննարկելու Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությանը Մեծ Բրիտանիայի միանալու հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում