«Մեզ համար մի թիզ հողն ավելին է, քան Ցեղասպանության ճանաչումը».ՀՀ նախագահի ելույթի մեսիջներն ըստ Շիրինյանի

«Շատ լավ ասվել է՝ գրողի ծոցը, լավ քայլ է արված, ճիշտ է արված Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության
(ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր.«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր
պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն  քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը
»: 

Ըստ Շիրինյանի՝ այս հայտարարությունը որևէ մեկի պատվերը չէ, այլ լավ հաշվարկված քայլ, որը նախ՝ Ցեղասպանության հարյուրամյակի ֆոնին զրկեց Թուրքիային մանևրելու հնարավորությունից, երկրորդ՝ խոշոր տերություններին ցույց տվեց, թե մենք այսքան բան արել ենք, մեզնից ի՞նչ եք ուզում և երրորդ մեսիջը՝ մեզ համար մի թիզ հողն ավելին է, քան Ցեղասպանության ճանաչումը:

Քաղաքագետը, սակայն, խորհուրդ է տալիս ժամանակից շուտ չոգևորվել, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ հետ չեն կանչվել: Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում կատարվող քայլերին, ապա Շիրինյանը շեշտեց, որ պետք է ապացուցել աշխարհին, որ ժամանակին հայերին զորակոչել են բանակ և հետո աշխատավորական ստորաբաժանում դիտմամբ ուղարկել, որտեղ զենք չեն տալիս, այսինքն՝ էթնիկ, ազգային հողի վրա են այդ ստորաբաժանումները եղել, երկրորդ՝ սպանվել են Օսմանյան պետության ազգությամբ հայ պատգամավորներ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում