Ադրբեջանում խոշտանգվող Լեյլա Յունուսը նամակ է հղել Օլանդին

Բանտարկված ադրբեջանցի իրավապաշտպան, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսը նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` ներկայացնելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Յունուսը գոհունակություն է հայտնել Օլանդին հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու առնչությամբ` նշելով. «Ես ոչ մի րոպե չեմ կասկածում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու Ձեր ջերմ ցանկության վրա: Սակայն ինչքանո՞վ կարելի է հավատալ Իլհամ Ալիևի անկեղծությանը, խաղաղություն հաստատելու նրա ձգտմանը»: Իրավապաշտպանը ներկայացնում է, թե հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության ջատագով ադրբեջանցիներն ինչպես են մեկը մյուսի հետևից ձերբակալվել` հօգուտ Հայաստանի լրտեսություն կատարելու կասկածանքով: Յունուսը ցավով արձանագրել է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը ոչ միայն ոչնչացնում է ադրբեջանցի ժողովրդի և պետության ապագան, այլ նաև Հարավային Կովկասում խաղաղ զարգացման հեռանկարը:

«Այսօր մոտ 120 քաղբանտարկյալ գտնվում են ճաղերի հետևում, որտեղ ենթարկվում են ծաղրի և խոշտանգումների: Պարո’ն Օլանդ, երբ հանդիպման ժամանակ Դուք կսեղմեք նախագահ Ալիևի ձեռքը, հիշեք մարդու իրավունքների համար պայքարող հարյուրավոր անձանց արյան և արցունքների մասին, այդ թվում և իմ ընտանիքի»,- եզրափակել է Լեյլա Յունուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում