ՀՀ էներգետիկայի փոխնախարարը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի 58-րդ նստաշրջանում

Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 58-րդ նստաշրջանը: Սեպտեմբերի 22-26-ն անցկացված կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում կոնֆերանսին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 23-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալն անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ Հայաստանի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ տարբեր ուղղություններով: Նա մասնավորապես խոսել է Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ-ի հետ համատեղ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի մասին:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը նվիրված գիտական ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում