Մոսկվան կասկածի տակ Է դնում Սիրիային ԱՄՆ-ի ավիահարվածների լեգիտիմությունը

ՌԴ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը հանդես է եկել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների մեկնաբանություն: «Սկզբունքային առումով ահաբեկիչներին ակտիվ հակազդումը պատշաճ գնահատման է արժանի: Դրա հետ մեկտեղ տեղի ունեցող իրադարձությունների կոնկրետ համատեքստը լուրջ հարցերի տեղիք է տալիս: Նախեւառաջ, ԱՄՆ-ում եւ ամբողջությամբ վերցված Արեւմուտքում չգիտես ինչու նախընտրեցին «չնկատել» ԻՊ-ի ահաբեկչական բնույթը, երբ նրա զինյալները մարտնչում Էին միայն Սիրիայի կառավարական զորքերի դեմ: Կասկածներ Է հարուցում նաեւ հասցվող հարվածների լեգիտիմությունը, քանի որ նման քայլերը կարող են իրականացվել միայն ՄԱԿ-ի թույլտվությամբ եւ այն երկրի պաշտոնական իշխանությունների միանշանակ համաձայնությամբ, որտեղ դրանք ձեռնարկվում են»,-ասված Է մեկնաբանության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դրանում նաեւ նշվում Է, որ ավիահարվածների արդյունավետությունը «բնավ միանշանակ չԷ»: Մասնավորապես, չնայած «հաջողությունների» վերաբերյալ բարձրագոչ հայտարարություններին, ԻՊ-ի ահաբեկիչները շարունակում են շրջապատման մեջ պահել քրդաբնակ Կաբանե քաղաքը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որի բնակիչներին, դրա գրավման դեպքում, ակնհայտորեն դաժան հալածանքներ են սպասում, եթե ոչ լիակատար ոչնչացում: «Բացի այդ, Սիրիայում ԻՊ-ի հսկողության ներքո գտնվող Դեյր Էզ Զոր քաղաքում նույնպես ԱՄՆ-ի «կործանիչ հարվածներից» հետո զինյալները հայկական եկեղեցի են պայթեցրել՝ պղծելով հայերի ցեղասպանության զոհերի աճյունները»,-ասված Է փաստաթղթում:

«Այս օրերին Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանը հանդես Է գալիս ահաբեկչությանն արդյունավետ հակազդելու հետեւողական ու սկզբունքային գծի օգտին: Մեր համոզմամբ՝ անհրաժեշտ Է ահաբեկչության հիմնախնդրի եւ դրա ծավալման պատճառների խորը եւ համալիր վերլուծություն…Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցության բոլոր պատասխանատու անդամներին՝ մասնակցել ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության մշակմանը եւ դրա իրագործմանը»,- նշվում Է ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում