Մանասյանը «գրողի ծոցը» ֆուտբոլային դիվանագիտության ձախողման խոստովանություն չի համարում
Նմանատիպ
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հետևել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և ինչպես միշտ ուշադրություն դարձրել օգտագործված ձևակերպումներին: Մանասյանը տնտեսական և քաղաքական առումով ճիշտ է համարում «Օսմանյան կայսրություն» ձևակերպման չօգտագործումը, քանի որ Հայոց ցեղասպանությունն իրականացրել է ոչ միայն Օսմանյան կայսրությունը, այլև Թուրքիայի Հանրապետությունը:
«Հայոց ցեղասպանությունը չկապել զուտ Օսմանյան կայսրության հետ, այլ կապել Թուրքիայի հետ. սա շատ ճիշտ մոտեցում է»,– լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց նա: Այլ հարց է, որ ժխտումը ցեղասպանության հանցագործության ոչ թե փուլերից մեկն է, այլ շարունակությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված դիտարկումներին, Ալեքսանդր Մանասյանը շեշտեց, որ Հայաստանը վաղուց պիտի հրաժարվեր արձանագրություններից, այնուամենայնիվ, խորհրդարանից արձանագրությունների հետկանչի մասին նման բարձր ամբիոնից հայտարարելը դիվանագիտական ճիշտ մոտեցում էր:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահի այս մասով ելույթն ըստ էության ֆուտբոլային դիվանագիտության ձախողման խոստովանություն էր, քաղաքագետը չհամաձայնեց՝ ասելով, թե ինքն էլ եթե նախագահ լիներ նույն քայլին կգնար: Ավելին, եթե չլիներ ֆուտբոլային դիվանագիտությունը՝ չէր բացահայտվի Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:
«Երկար ժամանակ գնդակը թուրքերի դաշտում էր, ընկերը չէր խաղում, և այդ խաղն անիմաստ էր դարձել: Միջազգային հանրությունն այդ ելույթից հետո հասկացավ, որ գործընթացը ձախողվել է Թուրքիայի պատճառով»,-եզրափակեց Մանասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում