Վերջին 10 օրերին Թուրքիա փախած սիրիացիների թիվն անցել է 160 հազարը

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական խմբավորման անդամների գործողությունների արդյունքում Սիրիայի Քոբանի քաղաքից սիրիացի քրդերի նոր ալիքներ են գալիս Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, փախստականների նոր ալիքի մասին խոսել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նա տեղեկացրել է, որ վերջին տասը օրերի ընթացքում Թուրքիա է մուտք գործել 160 հազար 335 սիրիացի:

Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի հարևան երկրներում բնակվում է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական: 2014 թվականի սեպտեմբերի 14-ի տվյալներով`Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 847 հազար 266-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում