ԱՄՆ-ի և դաշնակիցների այսօրվա հարվածները Ռակկայի, Հոմսի մարզերի ուղղությամբ են

ԱՄՆ-ի և դաշնակից երկրների կործանիչները սեպտեմբերի 27-ի գիշերը վերսկսել են օդային հարվածները Սիրիայում ԻԼԻՊ կազմակերպության դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Պենտագոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում ռազմական գործողությունները գրեթե անընդհատ են: Վկաների խոսքով, 31 ուժգին պայթյուններ են որոտացել Ռակկայի մարզում, որոնց հետևանքով ԻԼԻՊ-ի անդամներ են սպանվել, նրանց թիվը, սակայն, չի նշվում: Օդային ուժերը նաև ռմբակոծել են Հոմսի մարզի Թադմուր գյուղաքաղաքը և մերձակա շրջանները: Հարվածները հասցվում են ինչպես ԻԼԻՊ-ի, այնպես էլ «Ջաբհա ան Նուսրա» և «Խորասան» խմբավորումների դիրքերին:

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Ռմբակոծություններին մասնակցել են Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: ԻԼԻՊ-ի դեմ պայքարին մասնակցության ցանկություն են հայտնաել Մեծ Բրիտանիան, Դանիան, Ավստրալիան, Նիդեռլանդները, Բելգիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում