Ֆրանկոֆոն դեսպանների խումբը Քրիստիան Տեր-Ստեփանյանի նախագահությամբ այցելել է Լիմոժ քաղաք

Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խումբը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի նախագահությամբ «Ֆրանկոֆոնիայի տոնը Լիմուզանում» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 25-26-ը գործուղում է կատարել Լիմոժ քաղաք: Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահի հետ մեկտեղ գործուղմանը մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Բուլղարիայի, Փղոսկրե Ափի, Հայիթիի, Մոնակոյի, Սենեգալի, Սերբիայի դեսպանները, ինչպես նաև Փարիզում Քվեբեկի Գլխավոր պատվիրակը և Վալոնիայի ու Բրյուսելի Դաշնության պատվիրակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, խումբը հանդիպում է ունեցել Լիմուզանի շրջանի ղեկավար Ժան-Պոլ Դնանոյի, Լիմոժի քաղաքապետ Էմիլ Ռոժե Լոմբերտիի, Գլխավոր խորհրդի փոխնախագահ Անիկ Մորիզիոյի, Լիմոժի համալսարանի ռեկտոր Էլեն Պոլիայի և Առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Ժան Պիեր Լիմուզանի հետ:

Ֆրանկոֆոն դեսպաններն իրենց աջակցությունն են հայտնել Լիմուզանի շրջանում ֆրանկոֆոնիայի, վերջինիս արժեքների և բազմազանության խթանման օգտին տարվող գործողություններին: Քննարկվել են Հայաստանի և Լիմուզանի շրջանի միջև համագործակցության հեռանկարները՝ ապակենտրոնացված, համալսարանական և մշակութային համագործակցության բնագավառներում:

Գործուղման ընթացքում խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույցներ է տվել շրջանային հեռուստատեսությանը, Ֆրանսիայի միջազգային ռադիոյին և «Le Populaire du Centre» օրաթերթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում