Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Իսրայելին մեղադրել է իսլամատյացության մեջ

ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Ջավադ Սաֆաեին, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, Իսրայելին մեղադրել է իսլամատյացության, ինչպես նաեւ զանգվածային բնաջնջման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի արտադրության եւ այն պահելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին՝ Սաֆաեին ասել է. «Հռետորը փորձեց ձեռքերը լվանալ Գազայի սպանդի արդյունքում վերջերս սպանված մարդկանց արյան մեջ, որը կատարվեց ամբողջ աշխարհի աչքի առաջ: Նա շտապել է ԳԱ, որպեսզի նոր պատերազմի կոչ անի ամբողջ իսլամական աշխարհի եւ իսլամական քաղաքակրթության դեմ՝ առանց որեւէ հիմքի նրանց կապելով «Իսլամական պետություն» խմբավորման հետ եւ քարոզելով իրանատյացություն եւ իսլամատյացություն»:

Իրանի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը, «վերջերս ներխուժելով Գազա, խախտել է միջազգային բոլոր նորմերն ու օրենքները, ինչը հանգեցրել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի զոհվելուն»: Նրա խոսքով՝ «ավելի քան կես միլիոն մարդ անօթեւան է մնացել»:

Նաթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, հայտարարել Էր, թե Իրանը տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք Է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում