ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում ևս ՎԶԵԲ-ը կշարունակի ֆինանսավորել Հայաստանին

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը չի դադարեցնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը` անկախ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին առևտրի ֆինանսավորման վերաբերյալ անցկացվող կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական Ասիայի և Կովկասի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայկ Թեյլորը: Նա նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանի հետ համատեղ ծրագրերը տվել են դրական արդյունքներ և բանկն այստեղ ունի հավատարիմ գործընկերներ: «Սպասենք, տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն, որովհետև այդ զարգացումները մեզ համար ևս հետաքրքիր են: Սակայն անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, մենք հավատարիմ ենք մնում Հայաստանին, մեր գործընկերներին Հայաստանում և հատկապես մեր վստահությանն արժանացած բանկերին, որոնց հետ շարունակելու ենք համագործակցել»,- վստահեցրեց նա:

Հայաստանը Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին, և ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են` էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում