Ստեփանակերտում կանցկացվի բիզնես-համաժողով

Լեռնային Ղարաբաղի կառավարության աջակցությամբ Երևանի առևտրաարդյունաբերական պալատն ու Արցախի ներդրումային հիմնադրամը Ստեփանակերտում հոկտեմբերի 3-6-ը կանցկացնեն բիզնես-համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Առևտրաարդյունաբերական պալատից, միջոցառմանը մասնակցելու են հայտնի մասնագետներ Արցախից ու Հայաստանից, նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններից: Բիզնես-համաժողովի հիմնական թեմաներն են` ներդրումային գրավչությունը տարածաշրջանում և պետության ​​աջակցությունը, ԼՂՀ​​ բժշկական և դեղագործական ոլորտների իրավիճակը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարածաշրջանում բիզնեսի զարգացման հարցում, ժամանակակից շինարարություն. շինանյութերի արտադրման նոր տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն` արտահանման արդիական խնդիրները, Արցախի բանկերի և վարկային կազմակերպությունների օգնությունը բիզնեսի խթանման հարցում, փոխադրման և լոգիստիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Բազմաթիվ ոլորտային սեկցիոն նիստերը և կոնտակտային բորսան կօգնեն գործարարներին նոր առևտրատնտեսական կապեր ստեղծել ԼՂՀ գործարարների միջև, ամրապնդել արդեն ստեղծված կապերը, ինչպես նաև հիմնել նոր բիզնես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում