ԻՊ-ի դեմ գործողությունն արդեն 1 մլրդ դոլար Է նստել Պենտագոնի վրա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն արդեն շուրջ 1 մլրդ դոլար է ծախսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հաղորդել Է NBC News հեռուստաալիքը:

Պենտագոնի մասնագետների հաշվումների համաձայն՝ հունիսի 16-ից, երբ ԱՄՆ-ի օդուժն սկսեց հետախուզական թռիչքներ իրականացնել տարածաշրջանում, գործողության արժեքն օրական կազմում Էր 7,5 մլն դոլար: Ծախսերը օրական մինչեւ 10 մլն դոլար ավելացան օգոստոսի 8-ից, երբ ինքնաթիռներն սկսեցին ավիահարվածներ հասցնել զինյալների դիրքերին:

Գործողության գինը կտրուկ աճեց նաեւ թանկարժեք բարձրտեխնոլոգիական զինամթերքի պատճառով, որն օգտագործում են ամերիկացի օդաչուները: Այսպես, զինյալների դեմ գործողության առաջին գիշերն արձակվել Է «Թոմահավկ» 47 հրթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժե ավելի քան 1 մլն դոլար: Ընդամենը գործողության սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 200 ավիահարված Է հասցրել:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի օդուժը, սկսած 2014 թվականի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 27-ը, 4,1 հազար մարտական թռիչք է իրականացրել Իրաքի եւ Սիրիայի օդային տարածությունում:

Վաշինգտոնի ռազմավարական եւ բյուջետային գնահատումների ոչ կառավարական կենտրոնի պատրաստած նոր զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության իրականացման համար տարեկան կպահանջվի 2,4 միլիարդից մինչեւ 13 – 22 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ, «ավելի մեծ ինտենսիվության օդային գործողությունները կարող են նստել տարեկան 4,2 – 6,8 միլիարդ դոլար», կարծում են կենտրոնի աշխատակիցները: Իսկ ներկայիս արշավում «ցամաքային զորքերի ավելի խոշոր զորակազմի» գործադրումը կարող Է հանգեցնել այն բանին, որ այդ նպատակի համար բյուջետային հատկացումները կաճեն «տարեկան» մինչեւ «13 – 22 միլիարդ դոլար», նշում են փորձագետները:

Զեկույցը կազմողները պարզաբանում են, որ վերջին դեպքում նկատի ունեն շուրջ 25 հազար, իսկ երկրորդ դեպքում՝ մոտավորապես 5 հազար ամերիկացի զինվորների օգտագործման սցենարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում