ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Փիրսոնը նման որոշում է ընդունել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հետ կապված մի շարք միջադեպերի կապակցությամբ:

Ծառայության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ջոզեֆ Քլենսին, որն անցյալում Գաղտնի ծառայությունում գլխավորում էր ԱՄՆ-ի նախագահի պահպանության բաժինը, բայց թոշակի էր անցել 2011 թվականին: Այժմ նա վերադառնում է պետական ծառայության:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքով՝ Օբաման որոշել է, որ իր պահպանության համար «նոր ղեկավար է պահանջվում»:

Սեպտեմբերի երկրորդ կեսին մի քանի միջադեպ է տեղի ունեցել՝ կապված Գաղտնի ծառայության աշխատակիցների անուշադրության հետ: Մասնավորապես, սեպտեմբերի 20-ին Սպիտակ տան շենք էր թափանցել 42-ամյա Օմար Գոնզալեսը: Իրաքյան պատերազմի վետերանը զինված է եղել դանակով:

Սեպտեմբերի 16-ին, երբ պետության ղեկավարն Ատլանտայում այցելել Էր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն, Օբաման վերելակում հայտնվել Է երեք անգամ դատված տղամարդու հետ, որի մոտ ատրճանակ Է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում