Մոսկվայի պետհամալսարանը վերադարձել է աշխարհի 200 լավագույն բուհերի վարկանիշ

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանը, Times Higher Education հանդեսի 2014-2015 թվականների վարկանիշի համաձայն, վերադարձել է աշխարհի համալսարանների թոփ-200, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Times Higher Education-ի վարկանիշը ակադեմիական հեղինակության խոշորագույն համաշխարհային հետազոտություններից մեկն է:

Լավագույն համալսարանների վարկանիշում ՄՊՀ-ն զբաղեցրել է 196-րդ տեղը:

Վարկանիշի համաձայն՝ աշխարհի լավագույն բուհը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանն է: Երկրորդ տեղում Հարվարդի համալսարանն է, առաջատարների եռյակը եզրափակում է Օքսֆորդի համալսարանը: Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներն զբաղեցրել են Ստենֆորդի եւ Քեմբրիջի համալսարանները:

Վեցերորդից մինչեւ տասներորդ տեղերը զբաղեցրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնի համալսարանը, Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը եւ Ելի համալսարանը:

200 լավագույն բուհերի մեջ մտնող համալսարանների թվաքանակով առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ն՝ 74 համալսարաններով, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 29 բուհերով, երրորդում՝ Գերմանիան՝ 12 բուհով: Դրա հետ մեկտեղ վարկանիշի հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կորցնում են դիրքերը. 2013 թվականին 200 լավագույն համալսարանների թվում էին 77 ամերիկյան եւ 31 բրիտանական բուհեր:

«Ասիայի առաջատար ուսումնական հաստատությունները շարունակում են իրենց վերելքը: Վերջին քսան տարվա ընթացքում աշխարհի համալսարանների թոփ-200-ում տեղ է գտել ասիական 24 համալսարան: Ասիայի երկու համալսարան ներկայում մտնում է թոփ-25-ի մեջ, իսկ վեցը՝ թոփ-50-ի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ասիայում առաջատարի դիրքը պահպանում է Ճապոնիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում