Թուրքիայի խորհրդարանը թույլատրեց ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: Այս մասին,ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ են քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:
Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստների դեմ: Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում:

Մանդատին կողմ են արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները:

Քվեարկությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում