Լիսկայի երեք դատվածությունները հավաստող փաստաթղթի պատճեն

Atmtimes.am-ը գրել է.

Նկարում պատկերվածը պաշտոնական տեղեկանք է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզպետ նշանակված Սուրիկ Խաչատրյանի նախկին դատվածությունների մասին: Սա պաշտոնական փաստաթուղթ է՝ տրված ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի կողմից: Ինչպես տեսնում ենք պահանջագրից՝ տեղեկանքը պահանջել եւ ստացել է Ավետիք Բուդաղյանի սպանության գործը քննող քննիչը: Ի՞նչ ենք, ուրեմն, տեղեկանում արխիվային լեզվով, հապավումներով կազմված այս փաստաթղթից:

Փաստաթղթի առաջին կետում ասվում է, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան,1993 թվականի փետրվարի 25-ին բերման է ենթարկվել Զանգեզուրի շրջանի դատախազություն՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 206 պրիմ 3 հոդվածի հատկանիշներով, այն է՝ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը: Փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ գործին ընթացք չի տվել: Սա արդեն 1993 թվականն է, եւ փաստորեն, եկել են ժամանակներ, որ Լիսկային չեն դատում: Թերեւս, այս ժամանակներում է, որ նա սկսել է զգալ իր անպատժելիությունը: Բայց եթե նրան բերման են ենթարկել, պատկերացրեք ուրեմն, թե ինչ մեծ կիլդիմ է սարքած եղել: Այլ տեղեկություններ փաստաթուղթը մեզ չի տալիս: Իսկ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1993 թվականին նա ղեկավարել է կամավորական թիվ 3 պայմանագրային գումարտակը:

Փաստաթղթի երկրորդ կետից տեղեկանում ենք, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, 1979 թվականի մայիսի 16-ին ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով եւ այնուհետեւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Նույն թվի դեկտեմբերի 12-ին նրա պատժի կրման պայմանները մեղմացվել են, եւ նրա կալանավորումը փոխարինվել է բաց կալանքի: Ազատվել է 1981 թվականին:

Փաստաթղթի երրորդ կետից տեղեկանում ենք, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, 1971 թվականի օգոստոսի 5-ին ձերբակալվել է, ապա երկու տարվա ազատազրկման դատապարտվել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով: Այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ վտանգավոր է կյանքի համար: Մի քանի ամիս անց Խաչատրյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, քանի որ սա եղել է նրա առաջին դատվածությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում